June 25, 2010
Արդեն…
Նկարից արդեն հասկացաք, թե <<արդեն>>-ը ինչին էր վերաբերվում… Լավ, ուրեմն անցանք բուն թեմային…
Անցած տարի ինձ համար Ամանորը դադարեց հայկական ավանդույթներով նշվող հերթական հացկերույթ լինելուց… ես բացահայտեցի, որ Ամանորին հրաշքներ էլ են պատահում… բայց նրանց հետ, ովքեր հավատում են այդ հրաշքների գոյությանը… Ես ամեն տարի Նոր տարվա օրերին սպասում էի մեծ հետաքրքրությամբ, բայց հենց այդ օրը գալիս էր, համոզվում էի, որ տարին տարվա վրա ոչինչ էլ չի փոխվում… Ավելի ուշ հասկացա, որ ամեն ինչ իմ ձեռքերում է… ու այն, որ իմ հրաշք տոնը անցնում է ավելի, քան անհետաքրքիր, մեղավորը ես եմ և ուրիշ ոչ ոք:
Իսկ անցած տարի ամեն ինչ այլ կերպ էր… Այլ էր, որովհետև փախել էի հայկական ավանդական <<զեյթուն-քյուֆթա-սալաթ-դոլմա>> և <<բլինչիկ-կոնյակ-բամբանյերկա-բուդ>> երևույթներից: Հասկացա, որ Հրաշքը փախնում է… շրջանցում է հայկական շատ օջախներ, որովհետև սեղանի վրա նրա համար այլևս տեղ չի մնում… Այս տարի եկեք բոլորս մեր սեղաններին լիքը-լիքը տեղ թողնենք Հրաշքի համար…
Արգելքները այլևս չկային և Հրաշքը ազատ գտավ ճանապարհը դեպի ինձ… Անցած տարի Ամանորը այնպիսին էր, ինչպիսին որ ես ուզում էի այն տեսնել: Եվ չասեք, թե օջախից դուրս Ամանոր ոնց կարելի ա նշել… Հա, կուզենայի տանը նշել այնպես, ինչպես սիրտս ուզում է… բայց ինչպես անեմ, եթե կան մարդիկ, ովքեր անցած տարվանից արդեն հերթ են կանգնել, տեսնելու համար թե էս տարի մեր տանը ինչից ինչքան, ինչպիսի և ինչի համար կա…
Ամանորը միայն ընտանեկան տոն չէ… Իսկ ամենաշատը այդ օրերին սիրում եմ զարդարելը… տոնածառը, տունը… Սիրում եմ տանը հեքիաթային տեսք տալ… որ մտնես սենյակ և ընկնես ամանորյա հրաշքի ազդեցության տակ…
Անկեղծորեն եմ հավատում Ամանորի հետ կապված բոլոր հրաշքներին… երեխայի նման… Եվ ոչ թե որովհետև ինձ այդ հրաշքի իրականություն դառնալը շատ-շատ պետք է, այլ սպասումը ինքը արդեն զարդարում է իմ տոնը, և ես ևս մի քանի օր ապրում եմ դրականորեն… Իսկ դուք կարող եք կամ շարունակել տանջել ձեզ ամանորյա հոգսաշատ տարբերակով, կամ այս տարի արդեն նորովի նայել ամեն ինչին և թափ տալ քարը փեշից, թեթևացած վայելել ձեզ ազատ տրված մի քանի օր ընտանիքի, ընկերների, սիրած անձնավորության կամ Հրաշքի հետ…

