August 15, 2010

Թարմության, առողջության ու էլի նման հաճույքների աղբյուր վազքը

Posted in Առողջ մարմին, առողջ հոգի at 7:03 am by matador

Բավականին երկար ընդմիջումից հետո /մոտ տաս օր օգտակար ոչինչ դուրս չէր գալիս մտքիցս/ անդրադառնում եմ կրկին շատ կարևոր այս խնդրին:  Այսինքն սա նույնիսկ խնդիր էլ չէ: Գոնե ինձ համար այդ խնդիրը դրական եվ բավականին օգտակար լուծում ստացավ:

Այս նկարը շատ հստակ բնութագրում է այն դրական կողմերից մեկը, որ ունի առավոտյան վազքը: Ասեմ, թե ինչ:

Համոզված եմ, որ շատերդ ինքներդ ձեր մեջ ձեզ արդարացնում եք միշտ, երբ մտածում եք, թե ինչու չեք զբաղվում սպորտով, հենց այն մտքով, որ ժամանակ չունեք, գործերը շատ են: Իսկ իրականում պետք է գոնե մեկ անգամ փորձել և, վստահ եմ, հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ սպորտը, վազքը, երեկոյան սպորտային սրահներ հաճախելը և նման այլ զբաղմունքները իրականում ունեն շատ հետաքրքիր առանձնահատկություն:

Այդ առանձնահատկությունը հասկանալու համար պետք է պատկերացնեք, թե ինչ եք անում դուք, օրինակ, հոգնած աշխատանքային օրից հետո… ձեզ քարշ եք տալիս տուն, հոգնած ընկնում բազկաթոռին, մի կերպ հաց ուտում և քնում? Իսկ պատկերացնում եք, թե ինչն է այդ հոգնածության պատճառը? Դա շատ պարզ է և հասարակ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ ձեր օրգանիզմը օրվա ընթացքում ԾԱՌԱՅՈՒՄ Է ՁԵԶ: Դուք օգտագործում եք այն էներգիան, որ  նա ստեղծում է, այն մկանների ուժը, որ նա օրվա ընթացքում տալիս է: Եվ օրվա վերջում նա մի տեսակ մաշված վիճակում է լինում ձեր ավտոմատ միօրինակ շարժումների համակցություններից:

Իսկ եթե օրվա վերջում դուք նրան նվեր եք անում եվ հաճախում եք մի որևէ սպորտ-սրահ կամ պարի, կամ պարզապես երեկոյան վազքի /ինչը անչափ հաճելի զգացողություն է/, նա ձեզ շնորհակալ է լինում, հաջորդ առավոտյան ամբողջ ուժով կրկին պատրաստ լինելով ձեզ ծառայելու: Եվ դուք շատ ավելի մեծ աշխատանքային արտադրողականությամբ, ավելի կարճ ժամանակում հասցնում եք ավելի շատ գործ անել եվ գումարած ունենալ առողջ եվ գեղեցիկ մարմին: Իսկ ձեզնից ոչինչ չի գնում դա անելու համար: Ընդամենը ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ:

Եվ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ մասին պետք է նշեմ ամեն անգամ մի պարզ պատճառով, որ դա է միակ խնդիրը, որ ես տեսնում եմ մեր հասարակության մեջ:

Տեսնում եք, թե ձեզնից ինչքան քիչ բան է պահանջվում լիարժեք մարդ զգալու համար?

Էլ չեմ ասում ազատության այն հիասքանչ զգացողության մասին, որ տալիս է վազքը:

Կարծես մեկ անգամ արդեն գրել եմ այն մասին, թե վազքը ինչ յուրօրինակ միջոց է ուղեղը թարմացնելու, մտածելու, եվ արդյունավետ մտքերի համար: Շատ խնդիրներ, որ ձեզ անելանելի վիճակի մեջ են դնում, կարող են շատ հանգիստ ու հեշտ լուծում ստանալ: Ձեզնից միայն պահանջվում է տալ ձեր ուղեղին մտածելու այդ ազատությունը:

Հարգեք ձեր օրգանիզմը: Դա դուք եք:

August 8, 2010

Վազել, միանշանակ վազել!!!

Posted in Առողջ մարմին, առողջ հոգի at 9:37 am by matador

Անասելի շոգ է: Սենյակում շնչելու ոչինչ չկա: Նույնիսկ օդ:

Օրս էլ այսօր շատ շուտ սկսեց: Չնայած դրա կիրակի լինելուն, ես վաղ արթնացա: Վեցն անց էր մի երեսուն-երեսունմեկ րոպե: Այս առավոտ արթնացել էի հատուկ “Ինչ անել այսօր” ծրագրով, որի առաջին կետը առավոտյան վազքն էր:

Նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե կիրակի օրը որքան է երկարում, երբ վաղ ես արթնանում, առավել ևս, երբ մարմինդ թարմացնում ես վազքից հետո կիսասառը ցնցուղով: Մի խոսքով, այս օրը հագեցած էր մի քանի առումներով: Եվ ապշում եմ, որ նայում եմ ժամացույցին ու դեռ ժամը երկուսն անց կես էլ չկա: Ինձ համար արդեն երեկո է… բայց արի ու տես, որ դեռ կեսօրը նոր ենք անցել: Իսկ ես արդեն հասցրել եմ ինչքաաաաան բան անել:

Ուրեմն, ինչով էր հագեցած օրս: Նախ, որպես վազքի համար հարմար վայր ընտրել էի իմ հին արդեն քանդվող, ոնց հասկացա վերանորոգման խիստ կարիք զգացող, բայց անուշադրության մատնված, ինչևէ, դեռ գործող դպրոցս: Այնտեղ արդեն քանի տարի էր չէի եղել: Մի հետաքրքիր վերհուշային զգացողություն ապրեցի, երբ բլրով բարձրանում էի դեպի դպրոցի դաշտ: Ինձ մի պահ դպրոցական զգացի: Հետո, երբ մոտեցա դաշտին, աչքիս առաջով սկսեցին անցնել ֆիզկուլտուրայի /որին մենք անամոթաբար “ֆիկոյի դաս” էինք անվանում/ նորմատիվների հանձնման կադրեր: Հիշեցի վազքուղու հաղթահարման մեր փորձությունը, որը ի զորու էին անցնել մեր դասարանից միայն չորս աղջիկ, այդ թվում և ես… մի խոսքով, շատ բան հիշեցի:

Հաջորդ շատ հետաքրքիր զգացողությունը, որով հագեցած էր առավոտը, հենց վազքն էր: Պարզվում է շատ բան պետք չէ քեզ կարգին մարդ զգալու համար: Ընդամենը մի հազար հինգ հարյուր մետր վազքուղի… եվ, իհարկե, համապատասխան երաժշտություն: Երբ վերադարձա, դեռ ութն անց կես էլ չկար: Իսկ ես արդեն այնպես էր արթնացել, որ պատրաստ էի բոլոր գործերը մի քանի րոպեում անել վերջացնել: Եվ այդպես էլ արեցի: Տարօրինակ զգացողություն է մի մարդու համար, ով հոգնատանջ աշխատանքային շաբաթից հետո սովոր է ծուլություն անել կիրակի օրերը: Բայց, ինչևէ… հոյակապ զգացողություն է, չնայած, որ դեռ օրվա կեսն է, իսկ ես, մեղմ ասած, պլանավորված անելիք չունեմ:

Պարզվում է, որ լավ ինքնազգացողություն ապահովելու համար պետք է միայն մի շիշ սառնոտ ջուր եվ վազքի համար հարմար կոշիկներ: Ու էլի պիտի կրկնվեմ… ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ…

Առողջ ապրեք:

August 5, 2010

Վազել, թե չվազել

Posted in Առողջ մարմին, առողջ հոգի at 10:20 am by matador

Ինչն է վազքի մեջ գրավում ավելի շատ? Կարճ ժամանակով տրվող ազատության զգացողությունը, վազքից հետո իջնող թարմության զգացողությունը, թե միտքը, որ վազքը առողջություն է: Կամ էլ վազքը պարզապես ժամանակ է մտածելու համար: Մի քանի րոպե ոչ ոք և ոչինչ չի անհանգստացնում, և մտածողությունդ մաքրվում ու պայծառանում է: Ինչևէ, վազքը վաղուց դարձել է շատերի սիրելի սպորտաձևը: Եվ կարծես թե, նաև իմը:

Կան քաղաքներ, որտեղ ցանկացած տարիքի վազող մարդկանց կարող ես հանդիպել օրվա ցանկացած ժամի: Վազում են և առավոտյան, և երեկոյան, աշխատանքից հետո: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում հետևում են ճիշտ մարզվելու բոլոր կանոններին, քանի որ դա լուրջ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի վրա:

Ինչևէ, սկսում ենք ուսումնասիրել վազքի հետ կապված բոլոր մարզական կանոնները և վերջապես ստիպում ենք մեզ մի օր դուրս գալ տանից ոչ աշխատանքային մի խաղաղ առավոտ վազելու, զգալու առավոտյան թարմ օդը շնչելու և մարզվելու հաճույքը: Ի վերջո, կարծում եմ, արժե այդ սովորույթը մտցնել մեր կենցաղի մեջ, դարձնել մեր կյանքի մի մասը, մանավանդ, որ տառացիորեն ոչինչ չի պահանջվում վազքով զբաղվելու, բացի ցանկությունից և մի զույգ հարմար կոշիկից:

August 3, 2010

Այն, ինչ ամենակարևորն է…

Posted in Առողջ մարմին, առողջ հոգի at 10:15 am by matador

Երբեմն ինքներս էլ չենք գիտակցում, թե որքան կարևոր է: Առողջությունը: Գիտակցելիս էլ բավարար ուշադրություն չենք դարձնում: Եվ հասկանում ենք ասվածի իմաստը, երբ արդեն կորցնում ենք այն: Իսկ երբեմն այնքան հեշտ է պահպանել ամենաթանկը: Դրա համար տառացիորեն ոչինչ պետք չէ, բացի ցանկությունից: Այդ մասին բլոգի նոր հոդվածաշարը:

Follow

Get every new post delivered to your Inbox.