July 25, 2010
Թե ինչ պատահեց, երբ ախպերը մեծացավ ու որոշեց իր մանուկ վախտվա մասին երգ երգել…
Գիտեք, երբևէ ինձ իրավունք չեմ վերապահել առանց որևէ լուրջ հիմքի քննադատել այն ճաշակը, որը իմ ճաշակից ինչ-ինչ պատճառներով տարբերվում է: Բայց լինում են դեպքեր, երբ խնդիրը արդեն ոչ թե ճաշակն է, այլ շատ ավելի համընդհանուր մի երևույթ:
Ասում են` ինչքան մարդ, էդքան ճաշակ… լավ, հասկանալի է, և ես լիովին համամիտ եմ: Բայց ասացեք խնդրեմ, ինչ ճաշակի մասին է խոսքը, երբ այն, ինչ աչքիդ առաջ է կատարվում, դուրս է թույլատրելիի մասին բոլոր պատկերացումներից:
Բացատրեք, խնդրեմ, ինչպես կարելի է այսչափ կուրորեն ընդունել այս “երգչին” որպես “երգիչ”???
Ես դեռ հազիվ մի կերպ համակերպվում էի, որ հայ ազգը սիրում է տոնախմբություններին ձայնագրությունների տակ թևերը վեր պարզած “քուրերի ու ախպերների” կենացի ժամանակ շախ անել պարահրապարակում հայտնի երգի տակ… ու, ընդ որում, ոչ մեկ անգամ: Բայց պատկերացնել անգամ չէի կարող, որ կենդանի կատարմամբ ավելի սարսափելի կհնչի վերոնշյալ երգը վերոնշյալ “երգչի” կատարմամբ: Հավատացեք, շարքային ռեստորանային ցանկացած երգիչ հազար անգամ ավելի լավ է կատարել մինչև հիմա այդ երգը: Եվ դեռ անկախ դրանից էլ, նրան այնպես ընդունեցին, որ, ինչպես հյուրերից մեկը շեշտեց, “ոնց-որ Պավարոտտիին դիմավորեք, տնաշեններ..”…
Էխ, ուր էր թե Պավարոտտին լիներ
….
Ժողովուրդ, սթափվեք…
July 19, 2010
Անկապ մտքեր ներդաշնակության մասին
Շնչող և ապրող յուրաքանչյուր էակի առաջ անխոս կերպով դրված է նույն առաջադրանքը. ապրել եվ ընթանալ առաջ: Առաջ ընթանալ նշանակում է զարգանալ եվ ամեն քայլ անելուց հետո ետ նայելուց տեսնել դրական ընթացք: Դա հենց հաջողությունն է: Հաջողությամբ էլ պայմանավորված է մարդու տրամադրվածությունը կյանքի , նրա հետագա անելիքների մասին կազմված նախագծերի նկատմամբ:
Եվ այն պահից, երբ մարդը զգում է Ֆորտունայի շունչը հենց իր թիկունքում, սկսում է նոր թափով առաջընթացի նախագծեր մշակել` արագացնելով ընթացքը: Իսկ մինչ այդ… երբ դեռ փնտրտուքի մեջ է, կարող է շատ անորոշ մտքեր ունենալ եվ անհասկանալի գործողություններ անել: Ամեն դեպքում հասկանալ նրան կարելի է, որովհետև բացասական շարժն էլ շարժ է… Կարևորը չկորցնի ընթացքի գլխավոր ուղեծրի ծայրը:
Նախագծերի կազմման եվ դրանց կյանքի կոչման ճանապարհին մարդու առաջ ծառացած խնդիրներից գլխավորը հոգեկան ներաշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են, որոնց ընթացքի ներդաշնակությունը իրական կյանքի ընթացքի հետ անչափ կարևոր է: Այլապես առաջընթացը անիմաստ է դառնում, եթե այն չպետք է ստանա համապատասխան արձագանքը մարդու սրտում:
Այսինքն մարդ արարածի գլխավոր խնդիրը դառնում է նախ հասկանալ, թե ինչքանով է իրեն անհրաժեշտ այն, ինչ ինքն այժմ ձեռնարկել է, և հետո, թե արդյոք նա չի անտեսում իր համար կարևոր այլ երևույթներ:
Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը ներդաշնակության ապահովումն է մնում:
Մարդու համար կարևորագույն ներդաշնակությունը կյանքում զգացածի եվ արածի ներդաշնակությունն է: Մենք կարծում ենք, որ մեր զգացածը մեր տնօրինության տակ չէ, բայց երբեմն շատ ավելի ձեռնտու է լինում խելքով կառավարել զգացածը, քան թե հետագայում փորձել խելքով հասկանալ ակամա զգացածը:
Ի վերջո, ասում են, եթե սիրտը գլխից ավելի կարևոր լինել, ապա գլուխը սրտից ավելի բարձրադիր չէր լինի :
July 13, 2010
Մի պահ
Մթության մեջ ստվերների խաղից երևակայական կերպարներ են գալիս մտքիս, տեսարաններ են գծագրվում, ինչ-որ բաներ են տեղի ունենում, հույզեր են լինում, այդ ամենը դառնում է մի փոքր պատմույթուն և անցնում գնում: Անձրևի ձայնից ծովն է գալիս մտքիս: Եվ հաջորդ պատմությունը գրվում է ծովափին… քանի~ – քանի նման պատմություններ են գրվել ու անցել, բայց դեռ գրվում են, դեռ ասելիք կա, պատկերացնելիք կա… Երբ մարդ ուզում է երազել և ապրել իր երազանքները, երկրային ոչ մի խոչընդոտ ի զորու չէ կանգնել այդ լուսավոր ճանապարհին:


