January 5, 2012
Կին
Կանացիությունը, ըստ իս, եղել և մնում է կնոջ բարձրագույն և ամենագնահատելի հատկություններից և, եթե կուզեք, զենքերից մեկը: Վաղուց ի վեր, պատմության ընթացքում, տղամարդիկ պատրաստ են եղել սարեր շուռ տալ, պատերազմներ մղել և աշխարհներ գրավել` իրենք իսկ կնոջ <<կանացի գեղեցկությամբ>> գերված լիենլով: Ինչպես հանրահայտ երգն է ասում… Այո, սա տղամարդկանց աշխարհն է, բայց քանի գրոշ այն արժե առանց կնոջ?
Այս մասին, թերևս յուրաքանչյուր կին գիտի, եթե նույնիսկ չի էլ արտահայտվում: Բայց, ցավոք, հաճախ եմ ստիպված լինում նկատել, թե ներկայումս կանացիության մասին պատկերացումները ինչպես են խաթարվել կամ խաթարվում: Կամ, միգուցե տեղին է ասել, որ այսօր կնոջ կերպարի ստեղծման ընթացքում շեշտը ավելի շատ դրվում է սեքսուալության վրա, ինչը արդյունքում ստանում է ավելի շուտ էժանագին բնույթ: Ըստ իս, կանացիության և սեքսուալության ճշգրիտ համադրությունը այն է, ինչն իրականում գրավիչ է, հարմոնիկ և դյութիչ:
Այսպիսով, ինչն է իրականում օգնում կնոջը ստեղծել իր կանացի կերպարը, կամ ճիշտ արտահայտել, մատուցել այն: Քանի որ այսօր որոշել եմ շարադրել իմ պատկերացումներն ու կարծիքը, զերծ մնալով մասնագետների և մնացյալի մեկնաբանություններից, ապա այստեղ էլ պիտի նշեմ այն գործոնները, որոնք կարևոր եմ համարում ինքս:
Այո, կանացի լինելը արկածախնդիր կանանց համար է: Այսօր արդեն պարզապես կանացի, կամ պարզապես հաջողակ, ինքնուրույն լինելը բավարար չէ: Այդ ամենը պետք է համատեղել, լինել ուժեղ և նուրբ, հաստատակամ և հնազանդ միաժամանակ: Բայց որքան էլ դժվար, նույնքան էլ հետաքրքիր ճանապարհ է սա: Կարծում եմ, որ կանացիության զգացողությունը ի սկզբանե դրվում է կին արմատի մեջ, բայց դրա վերջնական ձևավորման և արտահայտման համար պարզապես գենային մակարդակում բնորոշ էլեմենտների առկայությունը բավարար չէ:
Կինը սկսում է ձևավորվել ծնված պահից: Փոքրիկ աղջնակի մեջ նրբաճաշակության, նրբազգացության, ճիշտ կանացի աշխարհընկալման հիմք դնելու համար շատ օգտավետ միջոցներ կան: Դրանում ծնողներին լրջորեն կարող են օգնել դասական պարերը, կամ պարերն ընդհանրապես, գեղարվեստական մարմնամարզությունը, չմշկասահքը, քանի որ,աղջիկն առաջին հերթին պիտի ճանաչի, տիրապետի իր օրգանիզմը, կարողանա զարգացնել իր մարմնի պոտենցիալը: Կարծում եմ, որ դա կօգնի նրան հետագայում ներդաշնակություն ապահովել մարմնի և հոգեկան ներաշխարհի մեջ: Գաղտնիք չէ, որ պարն ու սպորտաձևերը դաստիարակում են ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:
Որքան հաճելի և գրավիչ է երևում այն կինը, ով զգում է իր մարմնի յուրաքանչյուր մկանի տեղը, միշտ ակնահաճո կեցվածք ունի և ապրում է ներդաշնակության մեջ ինքն իր հետ, վայելելով կյանքը:
Եվ, իհարկե, այդ ամենը արտահայտվում է ոչ միայն կնոջ արտաքինում: Այն, թե ինչով է իրեն կինը շրջապատում, ինչպիսի միջավայր է ընտրում իր համար, ինչպիսի սովորույթներ ու ոճի զգացողություն ունի, կերպարի անբաժանելի մասն են:
Հարմոնիկ կինը ցանկանում և կարողանում է գեղեցիկը ձևավորել ոչ միայն իր ներսում, այլ նաև շրջապատում: Կարծում եմ, դա պարզապես կյանքը սիրելու արտահայտչաձև է: Չեմ ուզում ասել, որ գեղեցիկը պետք է փրկի աշխարհը, մի քիչ շատ տրիվիալ կստացվի: Բայց, եկեք համաձայնվենք, որ գեղեցիկը այն իրոք զարդարում է, գունավորում, ստեղծում դրական էներգետիկա:
Արդյունքում մենք ուշադրություն ենք դարձնում այսպիսի մի կարպարի վրա, նայում նրան, տեսնում մի անթերի, կամ նույնիսկ ներդաշնակ թերություններով օժտված, բայց շատ հարմոնիկ կերպար, որի ներսում իրականում անթիվ-անհամար մանրուքներ, դետալներ, աքսեսուարներ, սկզբունքներ, գաղտնիքներ են թաքնված: Այնպես որ, կանացի լինելն իսկական արվեստ է:
Շատ ավելի խորհրդավոր և անփոխարինելի է դառնում այս աշխարհը, երբ այն սերնդեսերունդ է ձևավորվում, փոխանցվում տատիկից ու մայրիկից դստերը: Շատ գաղտնիքներ, կարելի է ասել, արդեն գեներով են անցնում հաջորդ սերնդին: Դրանով իսկ ստեղծելով գերդաստանային առանձնահատուկ կանացի կերպար:
Ամեն դեպքում, պարզ է, որ ցանկացած կին, ում դուր է գալիս իր արտացոլանքը հայելու մեջ, գրավել կարող է ցանկացածի ուշադրությունը: Իզուր չեն ասում` եթե հինգ տարեկան աղջնակին համոզես, որ նա արքայադուստր է, մեծ տարիքում նա դա կապացուցի իր շրջապատին:
Դեռ փոքր տարիքից նա ունի ժամանակ և միջոցներ հասկանալու իր անհատականությունը, բնավորությունը, ինչից հետո նա ինքն է դառնում իր իսկ քանդակագործը…
Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ ոչինչ կնոջը այդքան չի զարդարում, որքան սիրելու և սիրված լինելու զգացողությունը: Այնպես որ, ցանկանում եմ ձեզ, սիրելի կանայք և աղջիկներ…
Սիրեք և եղեք սիրված:


manukyansofia said,
January 5, 2012 at 9:54 am
շատ գեղեցիկ էր
ես էլ կմաղթեմ, որ տղամարդիկ էլ կանացիություն պահանջելու հետ միաժամանակ, չմոռանան, որ շատ կանայք իսկապես սիրում են կոկիկություն ու ներդաշնակություն ամեն ինչում և ամեն ոքում
Ruzanna Sahakyan said,
January 5, 2012 at 10:34 am
համաձայն եմ բոլոր ասածներիդ հետ, բայց այս ամենի համար հիմք է պետք, իսկ հիմքը իսկական տղամարդու առկայությունն է կնոջ կյանքում, ում համար նա կլինի այն ինչ ներկայացրել ես վերևում.
Ani said,
January 5, 2012 at 11:03 am
Դու ճիշտ ես “սեքսուալություն” հասկացությունն այսօր ունի էժանագին բնույթ և այն ամենևին էլ ավելորդ բնորոշում է: Դրա համար կա ավելի բովանդակալից և լայնիմաստ արտահայտություն` կանացիություն: Եվ եթե կա գոնե մեկը, որը գնահատում է այդ, ապա գեղեցիկի սով երբեք չի լինի…
Armen said,
January 10, 2012 at 6:02 pm
Հետաքրքիր, նուրբ և կանացի, ինչպես ինքը կինը…