January 5, 2012

Կին

Posted in Uncategorized at 7:11 am by matador

Կանացիությունը, ըստ իս, եղել և մնում է կնոջ բարձրագույն և ամենագնահատելի հատկություններից և, եթե կուզեք, զենքերից մեկը: Վաղուց ի վեր, պատմության ընթացքում, տղամարդիկ պատրաստ են եղել սարեր շուռ տալ, պատերազմներ մղել և աշխարհներ գրավել` իրենք իսկ կնոջ <<կանացի գեղեցկությամբ>> գերված լիենլով: Ինչպես հանրահայտ երգն է ասում… Այո, սա տղամարդկանց աշխարհն է, բայց քանի գրոշ այն արժե  առանց կնոջ?

Այս մասին, թերևս յուրաքանչյուր կին գիտի, եթե նույնիսկ չի էլ արտահայտվում: Բայց, ցավոք, հաճախ եմ ստիպված լինում նկատել, թե ներկայումս կանացիության մասին պատկերացումները ինչպես են խաթարվել կամ խաթարվում: Կամ, միգուցե տեղին է ասել, որ այսօր կնոջ կերպարի ստեղծման ընթացքում շեշտը ավելի շատ դրվում է սեքսուալության վրա, ինչը արդյունքում ստանում է ավելի շուտ էժանագին բնույթ: Ըստ իս, կանացիության և սեքսուալության ճշգրիտ համադրությունը այն է, ինչն իրականում գրավիչ է, հարմոնիկ և դյութիչ:

Այսպիսով, ինչն է իրականում օգնում կնոջը ստեղծել իր կանացի կերպարը, կամ ճիշտ արտահայտել, մատուցել այն: Քանի որ այսօր որոշել եմ շարադրել իմ պատկերացումներն ու կարծիքը, զերծ մնալով մասնագետների և մնացյալի մեկնաբանություններից, ապա այստեղ էլ պիտի նշեմ այն գործոնները, որոնք կարևոր եմ համարում ինքս:

Այո, կանացի լինելը արկածախնդիր կանանց համար է: Այսօր արդեն պարզապես կանացի, կամ պարզապես հաջողակ, ինքնուրույն լինելը բավարար չէ: Այդ ամենը պետք է համատեղել, լինել ուժեղ և նուրբ, հաստատակամ և հնազանդ միաժամանակ: Բայց որքան էլ դժվար, նույնքան էլ հետաքրքիր ճանապարհ է սա: Կարծում եմ, որ կանացիության զգացողությունը ի սկզբանե դրվում է կին արմատի մեջ, բայց դրա վերջնական ձևավորման և արտահայտման համար պարզապես գենային մակարդակում բնորոշ էլեմենտների առկայությունը բավարար չէ:

Կինը սկսում է ձևավորվել ծնված պահից: Փոքրիկ աղջնակի մեջ նրբաճաշակության, նրբազգացության, ճիշտ կանացի աշխարհընկալման հիմք դնելու համար շատ օգտավետ միջոցներ կան: Դրանում ծնողներին լրջորեն կարող են օգնել դասական պարերը, կամ պարերն ընդհանրապես, գեղարվեստական մարմնամարզությունը, չմշկասահքը, քանի որ,աղջիկն առաջին հերթին պիտի ճանաչի, տիրապետի իր օրգանիզմը, կարողանա զարգացնել իր մարմնի պոտենցիալը: Կարծում եմ, որ դա կօգնի նրան հետագայում ներդաշնակություն ապահովել մարմնի և հոգեկան ներաշխարհի մեջ: Գաղտնիք չէ, որ պարն ու սպորտաձևերը դաստիարակում են ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին:

Որքան հաճելի և գրավիչ է երևում այն կինը, ով զգում է իր մարմնի յուրաքանչյուր մկանի տեղը, միշտ ակնահաճո կեցվածք ունի և ապրում է ներդաշնակության մեջ ինքն իր հետ, վայելելով կյանքը: Եվ, իհարկե, այդ ամենը արտահայտվում է ոչ միայն կնոջ արտաքինում: Այն, թե ինչով է իրեն կինը շրջապատում, ինչպիսի միջավայր է ընտրում իր համար, ինչպիսի սովորույթներ ու ոճի զգացողություն ունի, կերպարի անբաժանելի մասն են:

Հարմոնիկ կինը ցանկանում և կարողանում է գեղեցիկը ձևավորել ոչ միայն իր ներսում, այլ նաև շրջապատում: Կարծում եմ, դա պարզապես կյանքը սիրելու արտահայտչաձև է: Չեմ ուզում ասել, որ գեղեցիկը պետք է փրկի աշխարհը, մի քիչ շատ տրիվիալ կստացվի: Բայց, եկեք համաձայնվենք, որ գեղեցիկը այն իրոք զարդարում է, գունավորում, ստեղծում դրական էներգետիկա:

Արդյունքում մենք ուշադրություն ենք դարձնում այսպիսի մի կարպարի վրա, նայում նրան, տեսնում մի անթերի, կամ նույնիսկ ներդաշնակ թերություններով օժտված, բայց շատ հարմոնիկ կերպար, որի ներսում իրականում անթիվ-անհամար մանրուքներ, դետալներ, աքսեսուարներ, սկզբունքներ, գաղտնիքներ են թաքնված: Այնպես որ, կանացի լինելն իսկական արվեստ է:

Շատ ավելի խորհրդավոր և անփոխարինելի է դառնում այս աշխարհը, երբ այն սերնդեսերունդ է ձևավորվում, փոխանցվում տատիկից ու մայրիկից դստերը: Շատ գաղտնիքներ, կարելի է ասել, արդեն գեներով են անցնում հաջորդ սերնդին: Դրանով իսկ ստեղծելով գերդաստանային առանձնահատուկ կանացի կերպար:

Ամեն դեպքում, պարզ է, որ ցանկացած կին, ում դուր է գալիս իր արտացոլանքը հայելու մեջ, գրավել կարող է ցանկացածի ուշադրությունը: Իզուր չեն ասում` եթե հինգ տարեկան աղջնակին համոզես, որ նա արքայադուստր է, մեծ տարիքում նա դա կապացուցի իր շրջապատին:

Դեռ փոքր տարիքից նա ունի ժամանակ և միջոցներ հասկանալու իր անհատականությունը, բնավորությունը, ինչից հետո նա ինքն է դառնում իր իսկ քանդակագործը…

… ինչպես արտաքին աշխարհի…

… այնպես էլ ներքին:

Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ ոչինչ կնոջը այդքան չի զարդարում, որքան սիրելու և սիրված լինելու զգացողությունը: Այնպես որ, ցանկանում եմ ձեզ, սիրելի կանայք և աղջիկներ…

Սիրեք և եղեք սիրված:

Follow

Get every new post delivered to your Inbox.